Հայաստանում ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարման կարգ է լինելու
Քաղաքական«Մեր խորհրդարանն այսօր հիմնականում զբաղված է կառավարության կողմից ներկայացված նախագծերը հաստատելով, թեպետ այն կոչվում է օրենսդիր մարմին, բայց 99% կառավարությունն է նախագծեր ներկայացնում»,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար, իրավաբան Տիգրան Սարգսյանը:
Ըստ իրավաբանի` այսօրվա Ազգային ժողովում տիրող իրավիճակն ու մթնոլորտը նախանձելի չէ, խորհրդարանը չի կատարում իր հիմնական գործառույթներից մեկը` հանդես չի գալիս օրենսդրական նախաձեռնություններով, դրա պատճառն էլ այն է, որ պատգամավորներն իրենց գործին լավ չեն տիրապետում: «Խորհրդարանում հավաքվել են այնպիսի մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց առաջ դրված խնդիրները լուծել»,- նշեց Տ. Սարգսյանը:
Խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ իրավաբանը նշեց, որ եթե մենք նույն կադրերով անցնենք խորհրդարանական կարգի, արդյունքում՝ վարչապետն ու կառավարությունը կդառնան անվերահսկելի: «Հիմա նրանց գոնե նախագահն է վերահսկում: Ըստ նախագծի՝ մենք պետության գլուխ չենք ունենում, այլ ունենում ենք իշխանության երեք թեւեր, ովքեր անգամ հավասար դիրքերում չեն լինում: Խորհրդարանում կրկին լինելու են մարդիկ, որոնք օրենք մշակել չգիտեն: Արդյունքում ունենալու ենք անվերահսկելի կառավարություն, լինելու է սուպերվարչապետական կարգ: Իմ գնահատմամբ՝ ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարման կարգ է լինելու: Եթե հարցին նայենք զուտ իրավական տեսանկյունից, ապա կտեսնենք, որ իշխանության երեք թեւերի հավասարությունն ամբողջությամբ խախտվելու է»,- ասաց նա:
Համեմատելով զարգացած երկրների հետ, որտեղ գործում է խորհրդարանական կառավարում, Տիգրան Սարգսյանն ասաց, որ Հայաստանն իր պատգամավորական կադրերով, անշուշտ, համեմատվելու տեղ չունի ոչ մի զարգացած պետության հետ: «Որպես օրինակ վերցնենք Անգլիան, որն ունի կուսակցական ու քաղաքական հարուստ մշակույթ: Այս պետությունը խորհրդարանական կառավարման համակարգում նորմալ է նայվում, սակայն Հայաստանը չի կարող համեմատվել Անգլիայի հետ: Եթե մենք ցանկանում ենք նմանվել Անգլիայի պես զարգացած երկրի, ապա նախ՝ պետք է սկսենք խորհրդարանից, պետք է անցկացնենք խորհրդարանական նոր ընտրություններ, որպեսզի ունենանք ներկայիս խորհրդարանից որակապես տարբերվող Ազգային ժողով իր կադրերով: Ժողովուրդը պետք է տեսնի, որ նոր որակ է ձեւավորվել, որին կարելի է վստահել երկրի կառավարումը: Այս ամենից հետո միայն կարելի է խոսել կառավարման կարգի փոփոխման մասին»,- նկատեց իրավաբանը:
Սոսե Չանդոյան