ՀՀՄ կուսակցությունը երթ կանցկացնի
ПолитикаՀարգելի հայրենակիցներ,
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև Հայաստանի մի շարք տարածքների հանձնման հարցը Ադրբեջանին։
Մասնավորապես՝ ստվերային պայմանավորվածություններով թշնամուն են անցնելու Տավուշի մարզի 4 գյուղեր։
Սրա արդյունքում Ադրբեջանին են հանձնվելու նաև Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղու հատվածներ՝ Իջևանի և Նոյեմբերյանի շրջանների Կիրանց - Ոսկեպար – Բաղանիս գյուղերով պարփակված հատվածում: Այսպիսով Ադրբեջանը մի քանի տեղից մուտք է ունենալու Երևան – Թբիլիսի միջպետական մայրուղի:
Բացի դա, թշնամու վերահսկողության տակ է անցնելու Վրաստանից Հայաստան մտնող մայրուղային գազատարը, որն անցնում է Ոսկեպարի ճանապարհով։
Սրանով աղետը չի ավարտվում։ Հայաստանի իշխող վարչախմբի ղեկավարը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։ Սրա արդյունքում Երևան-Սյունիք-Իրան միջպետական մայրուղու մի հատվածը կանցնի Ադրբեջանի վերահսկողությանը։
Սա էլ դեռ վերջը չէ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին զիջել նաև Գեղարքունիքի մարզի 2 գյուղ։ Խոսքը Կութ և Ազատ համայնքների մասին է։ Արդյունքում՝ թշնամին ուղիղ ելք է ստանում Սևանա լիճ։
Այս ամենից բացի Բրյուսելում Հայասստանի գործող վարչախմբի ղեկավարը քննարկելու է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցը։ Այս դեպքում Հայաստանը ոչ միայն կորցնում է հարավի հետ կապը՝ Իրան երթուդարձի համար Բաքվից թույլտվություն ունենալու պայմանով, այլև կանգնում ենք Սյունիքը փաստացի կորցնելու իրական սպառնալիքի առաջ։ Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ Հայաստանի ներկա իշխանությունները պատրաստվում են բավարարել Ադրբեջանի մեկ այլ տարածքային պահանջ՝ վերջինին զիջելով Սյունիքի մարզի Տեղ գյուղը։
Փաստացի Արցախի հայաթափման սցենարը արագ տեմպերով գործարկվում է Հայաստանի Հանրապետությունում։
Մենք զիջելու ոչինչ չունե՛նք։ Ծնկի իջած ղեկավար մեզ պե՛տք չէ։ Այս արհավիրքը վերջապես պետք է կանգնեցվի։ Հակառակ դեպքում կորցնելու ենք ամեն ինչ ու կորցնելու ենք բոլորս։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը կազմակերպում է երթ՝ կոչ անելով դուրս գալ անտարբերության վիճակից ու գիտակցել բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը։
Երթը կմեկնարկի ապրիլի 8-ին՝ ժամը 11։00-ին, Մատենադարանին հարող տարածքից։
Հայոց Համազգային Միասնություն կուսակցություն