Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Ադրբեջանի տարածքում տեղի զինծառայողների կողմից Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի խոշտանգման ենթարկվելու և սպանության գործի առթիվ դիմել էին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը տեղեկացրեց, որ այդ հարցը բարձրացնելու նպատակ է եղել, սակայն ադրբեջանական կողմը չի ապահովել փորձագիտական կոմիտեի աշխատանքային պայմանները և խումբը ստիպված հեռացել է Ադրբեջանից. «Հիմա այդ գործով որևէ ընթացակարգ չկա: Ցավոք սրտի համապատասխան կոմիտեն դադարեցրել է իր առաքելությունն Ադրբեջանում, որովհետև այդ երկրում նրանց անհրաժեշտ պայմանները չեն ապահովել իրենց գործառույթն իրականացնելու համար: Նրանց արգելել են հանդիպել հասարակական կազմակերպությունների հետ, այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ և այլն: Վերջին այցելության ժամանակ այդ անհրաժեշտ պայմանները չէին ապահովել, դրա համար փորձագիտական խումբը ստիպված դադարեցրել է իր առաքելությունն ու հեռացել»: