«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիան Գյումրիում միավորել էր շատերին
Society«Շնորհակալ եմ քեզ, հայ զինվոր» ակցիայի շրջանակներում Գյումրիում բոլոր ցանկացողներն իրենց շնորհակալությունն էին հայտնում սահմանը պահող հայ զինվորին: CivilVoice կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրու «Թատերական հրապարակում կազմակերպված ակցիային միանում էին շատերը, ովքեր ոչ միայն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ ու գրքե ր էին բերում զինվորների համար, այլ նաև նամակներ:
Օրվա ընթացքում շատերը, իմանալով նախաձեռնության մասին, մոտ խանութներից էին կատարում գնումներ ու տեղում իրենց շնորհակալությունն ու սրտի ցանկությունը գրում:
Ինչպես տեղեկացրեց CivilVoice կազմակերպության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արսեն Վարդանյանը նմանատիպ 3-4 ակցիա տեղի է ունեցել Երևանում, իսկ Գյումրիում քանի որ կազմակերպությունը նոր է գործունեություն ծավալում, նախաձեռնությունն առաջին անգամ է իրականացվում: Միտում ունենալով ամրապնդել բանակ-հասարակություն կապը՝ սա ըստ Արսեն Վարդանյանի, լավագույն տարբերակն է շնորհակալություն հայտնելու:
«Ակցիայի ընթացքում մարդկանց շնորհակալ լինելու միջոցների մեջ ազատություն է տրված՝ բացի գումարից, մարդիկ ցանկացած միջոցով շնորհակալություն կարող են հայտնել, իրենց սրտի ցանկությունը նամակների միջոցով, հիգիենայի պարագաներով կամ գրքի տեսքով հայտնելու»,-նշեց նախաձեռնության հեղինակը՝ փաստելով, որ ակցիան շարունակական կլինի, իսկ հավաքված պարագաները և նամակները կտրամադրվեն ԼՂ տարածքում գտնվող N զորամասի զինվորներին :