Լուկաշենկոն հանդես է եկել «բոլոր տեսակի ժառանգորդների» դեմ
ՄիջազգայինԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստում իր ժառանգորդին, իսկ նախագահի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն ժողովրդավարական ընտրությունների միջոցով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այդ մասին Բելառուսի նախագահն ասել է Bloomberg-ին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է Բելառուսի պետական հեռուստատեսությամբ:
«Ես կտրականապես դեմ եմ բոլոր տեսակի ժառանգորդներին: Ես շատ եմ ցանկանում, որ ինձանից հետո ժողովրդավար ճանապարհով կայացած ընտրություններում ընտրվի մարդ, ով, ինչպես ես, կմտածի հողի այս կտորի մասին, ժողովրդի մասին, ով այստեղ ապրում է»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:
Նրա խոսքով՝ «ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե ով պետք է դա լինի»:
Բելառուսի նախագահը նշել է, որ չունի մարդկանց խումբ, ում նա պատրաստում է նախագահի պաշտոնի համար, առավել ևս` նա չի պատրաստում այդ պաշտոնի համար իր որդիներին:
«Որդիներս նախագահներ չեն, նրանք դրան չեն ձգտում: Եթե նրանք չեն ցանկանում աշխատել այդ պաշտոնում, ապա պետք էլ չէ նրանց դրա համար պատրաստել»,- ասել է Բելառուսի առաջնորդը:
Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսի ներկայիս ընդդիմությունը ցույց է տալիս, որ «նրանք պատրաստ չեն այսօր վերցնել Բելառուսում իշխանությունը և պահել երկիրը»: