Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմնակիցներն ու հակառակորդները սեպտեմբերի 3-ին ակցիաներ են անցկացրել Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մոտ, հայտնում է РИА Новости-ն։
Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 4-5-ը պետք է կայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որտեղ կներկայացվի Վրաստանը։ Երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների և միջազգային կազմակերպությունների ղեկավարությունների հետ։
«Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին և Եվրոպային մերձենալու կողմնակիցները հավաքվել են այսօր անմիջապես ԱՄՆ դեսպանատան մոտ։ Իսկ «Ո՛չ ՆԱՏՕ-ին» ակցիայի մասին, որը կազմակերպել է «Եվրասիական ընտրություն - Վրաստան» ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան, հայտարարվել էր դեռևս օգոստոսի կեսերին»,- հայտնում են ԶԼՄ-ները։
Մոտ 50 մարդ եկել է դեսպանատան շենքի մոտ ակցիայից կես ժամ առաջ՝ այն խափանելու համար։ Միջադեպերից խուսափելու համար կոալիցիայի ներկայացուցիչները, ինչպես նաև մոտ 50 մարդ, ակցիան տեղափոխել են «Գուդվիլ» առևտրի տան մոտ, որը գտնվում է ամերիկյան դեսպանատնից ոչ հեռու։