Էրդողանն իրանցիներին խնդրել է զեղչել գազի գինը
ՄիջազգայինՀայտնի է դարձել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած այցի գլխավոր պատճառներից մեկը:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ չնայած Իրան ծրագրված այցից խուսափելու անհրաժեշտության մասին իրանական կողմից հնչած պահանջներին, Էրդողանը մեկնել էր Իրան` խնդրելու իրանցիներին զեղչել Թուրքիային վաճառվող գազի գինը:
«Անկարան հույս ունի, որ Իրանը կզեղչի Թուրքիային մատակարարվող գազի գինը», -այսօր Թեհրանում հայտարարել է Էրդողանը` Իրանի նախագահն Հասան Ռուհանիի հետ անցկացված մամուլի ասուլիսում:
Թուրք նախագահի խոսքով` ամենաթանկ գազը Թուրքիան գնում է Իրանից:
Էրդողանն այսօր Իրան էր մեկնել մի քանի ժամով: Թեհրանում նա մասնակցել է թուրք-իրանական բարձր մակարդակի գործարար համաժողովի երկրորդ հավաքին: Էրդողանը հանդիպել է Իրանի կրոնական առաջնորդ Այաթոլլահ Սեիդ Ալի Խամանեի եւ Նախագահ Ռուհանիի հետ:
Այցի ընթացքում Թուրքիայի եւ Իրանի միջեւ երկկողմանի հարաբերությունների բոլոր տեսանկյունների մասին կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային թեմաների շուրջ եւս:
Եմենում զարգացումների հետ կապված Էրդողանը քննադատության էր ենթարկել Իրանին եւ մեղադրել տարածաշրջանում գերիշխանության ձգտելու մեջ: Այս հայտարարություններից հետո Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ Էրդողանին կոչ էին արել Իրան չգալ եւ պահանջել էին հետ վերցնել Իրանի դեմ հնչեցրած մեղադրանքները: