Մեծ Բրիտանիան ակտիվացնում է դիվանագիտական ջանքերն առաջատար երկրների հետ ահաբեկիչներին գերիների համար փրկագին չվճարելու վերաբերյալ պայմանավորվածություններն իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Նման համաձայնություն է ձեռք բերվել անցած տարի Հյուսիսային Իռլանդիայում կայացած G8 գագաթաժողովի ժամանակ:
«Մեծ Բրիտանիան շարունակում է հետևել այդ որոշմանը, դա է անում նաև ԱՄՆ-ն, սակայն մեզ հարկավոր է կրկնապատկել ջանքերը, որպեսզի մյուս երկրները պահեն իրենց խոստումը»,- նշել է Քեմերոնը երկրի խորհրդարանի Համայնքների պալատում:
Նման հայտարարությամբ Քեմերոնը հանդես է եկել այն բանից հետո, երբ երեքշաբթի «Իսլամական պետություն» խմբավորման հրապարակած տեսանյութում ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի մահապատժի ժամանակ ցուցադրվել է բրիտանացի գերին։
Բրիտանացու անունը չի հաղորդվում՝ նրա բարեկամների խնդրանքով: Սակայն, ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Դևիդ Հեյնսի մասին է: