Թաեքվանդոյիստ Արման Երեմյանը խոսել է Բաքվի Եվրոպական խաղերի մասին
ՍպորտԹաեքվանդո մարզաձևի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Արման Երեմյանի կարծիքով, անկախ խոչընդոտներից, Հայաստանը պետք է պատշաճ ներկայանա Բաքվի Եվրոպական խաղերին:
«Անպայման պետք է գնամ և մասնակցեմ այդ խաղերին: Պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք մեդալ նվաճել մեր ազգի համար: Բոլոր մրցաշարերին մարզիները պետք է մասնակցեն մրցանակային տեղերի համար պայքարելու նպատակով: Խոչընդոտներ ամեն տեղ կարող են լինել, միայն Բաքվում չէ, որ կարող են մրցավարական սխալներ լինեն, բայց մենք պետք պատշաճ ձևով ներկայանանք այդ խաղերին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեմյանը:
Եվրոպայի նախկին չեմպիոնի խոսքով թաեքվանդոյում, ի տարբերություն մյուս մարզաձևերի, Եվրոպական խաղերի մասնակցությունը վարկանիշով է լինելու: «Ցանկացած մարզիկ չի կարող մասնակցել Բաքվի խաղերի թաեքվանոյի մրցաշարին: Հավաքականի անդամներից, այսօրվա դրությամբ, միայն ես ունեմ համապատասխան վարկանիշ: Եվ հենց իմ ցանկությունն է եղել, որ գնամ և մասնակցեմ»,- փաստեց Երեմյանը:
Մարտի 10-ին տեղի ունեցած նիստում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով` բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշում ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզա ձևեր: