Դեսպան Թումանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի ԱԳ նախարարին
ՄիջազգայինԻրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն ապրիլի 11-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի պատճենի հանձնումից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Թումանյանն Իրանի ԱԳ նախարարին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները` նշելով, որ որպես դեսպան` գործադրելու է առավելագույն ջանքերը` երկու երկրների միջև առկա 23-ամյա ջերմ դիվանագիտական հարաբերությունների հետագա խորացման համար:
Իր հերթին Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը և իր զորակցությունը հայտնել ՀՀ նորանշանակ դեսպանին իր առաքելության իրականացման գործում:
Դեսպան Թումանյանը նշել է, որ իր աշխատանքը նպատակաուղղված է լինելու քաղաքական բարենպաստ պայմաններում տնտեսական հարաբերությունների առավել խթանմանն աջակցելուն:
Անդրադարձ է կատարվել Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Այդ համատեքստում դեսպան Թումանյանը նշել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունել է բանակցությունների արդյունքում ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը: