Իրաքյան ուժերը Բայջի գործարանի ազատագրման ժամանակ ԻՊ-ի 300 ահաբեկիչների են ոչնչացրել
ՄիջազգայինԻրաքյան ուժերը Բայջի նավթավերամշակման գործարանի ազատագրման պայքարում «Իսլամական պետության» շուրջ 300 ահաբեկիչների են ոչնչացրել, վնասազերծվել են 500 պայթուցիկ սարքավորումներ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Իրաքի ոստիկանության ներկայացուցիչ Մուհամմադ Բայդանին՝ ավելացնելով, որ ռազմական գործողությունների ընթացքում 50 մահապարտ-ահաբեկիչներ են սպանվել, տասնյակ ականապատ մեքենաներ են ոչնչացվել:
Իրաքյան ուժերը ազատագրել են նաև Քրիքուք նահանգի Մեծ ու Փոքր Բաշնախ շրջանները, որոնց ազատագրման ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:
Ավելի վաղ, անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ, ԻՊ-ից մաքրվել են Քիրքուքի նահանգում գտնվող Ազիզիե, Ատշանե գյուղերը: Ազատագրված տարածքներում էին գտնվում ԻՊ-ի կարևորագույն հենակետերը: Բացի այդ, ազատագրվել է Ռամադի քաղաքի հյուսիսում գտնվող Ալբու Ֆարրաջ շրջանը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների ապստամբներ: