Վարուժան Սուքիասյանը գլխավորեց «Արարատ»-ը
ՍպորտՎարուժան Սուքիասյանը նշանակվել է Երեւանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ և ապրիլի 28-ին առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ: Այդ մասին տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Սուքիասյանը եղել է «Արարատ»-ի գլխավոր մարզիչը նաև 2006-2008 թվականներին: Նրա գլխավորությամբ «Արարատ»-ը դարձել է 2008 թ. Հայաստանի գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր:
Տարբեր տարիներին 58-ամյա մասնագետը գլխավորել է Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմեն»-ը, նաև «Լոռի»-ն, «Բանանց»-ը, «Վան»-ը, «Կոտայք»-ը, «Ցեմենտ»-ը, «Արաքս»-ը, «Սպարտակ»-ը և «Իմպուլս»-ը:
«Բանանց»-ի հետ Սուքիասյանը նվաճել է Հայաստանի գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտ»-ի հետ երկու անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքս»-ը փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը:
«Արարատ»-ը Հայաստանի ընթացիկ առաջնությունում անհաջող է հանդես գալիս և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին տեղը: Երևանյան թիմի նախորդ գլխավոր մարզիչը Սուրեն Չախալյանն էր, ով երկու շաբաթ առաջ հրաժարական էր ներկայացրել և կրկին գլխավորել Երևանի «Ուլիս»-ը: