Արտաշատցի ըմբիշը Կալինինգրադում վաստակել է բրոնզե մեդալ
ՍպորտԿալինինգրադում վերջերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սանը վաստակել է բրոնզե մեդալ:
Ինչպես տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, վերոհիշյալ մրցաշարում 54 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը նախորդ տարի նույնպես վաստակել էր բրոնզե մեդալ` մասնակցելով ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը:
Սիմոնյանը բարձր գնահատեց Հովհաննիսյանի մրցելույթը` նման մրցաշարում բարձրարվեստ գոտեմարտեր ցուցադրելու համար, ինչը մեծ պատիվ է բերում իրենց մարզադպրոցին: Դպրոցի տնօրենը նշեց նաեւ, որ Հովհաննիսյանը մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված միակ մարզիկն էր, որ դարձավ մեդալակիր:
Հովհաննիասյանին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:
Լիլիթ Մաճկալյան