Ո՞րն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ձգձգման պատճառը. Հ.Չաքրյան
ՔաղաքականԱյսօր լրագրողներին է հանդիպել թուրքագետ Հակոբ Չաքրյանը,- տեղեկացնում է Orer.am-ը: Բանախոսն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչպես նաև ցեղասպանության ճանաչմանը ուղղված հետագա քայլերին:
Ըստ Չաքրյանի՝ միջոցառումները զուսպ էին, բայց բարձր մակարդակով արված: Նա նշեց,որ շատ տպավորված էր Պուտինի ելույթից: «Անգամ թուրքական թերթերն էին գրում, որ Գալիպոլիի հաղթանակի հարյուրամյակին գնացել էին հակադեմոկրատական երկրների ղեկավարներ, օրինակ՝ Ալիևը»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ այդ ամենը ստվերի տակ չգցեց հայաստանյան միջոցառումները:
Հակոբ Չաքրյանը նաև կարևորեց Պապի ելույթը և Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որով եվրոպական երկրներին կոչ էր արվում ընդունել ցեղասպանության փաստը: Նրա խոսքով՝ ամենակարևոր հանգամանքն այն է, որ Թուրքիային կոչ արվեց բաց անել արխիվները:
Խոսելով ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության չճանաչման մասին՝ Չաքրյանը տեսակետ հայտնեց, որ ԱՄՆ-ը աշխարհին ուղղություն տվող միակ լիարժեք գերտերությունն է և ճանաչման դեպքում հետագայում այն պետք է ստանձնի նաև հետևանքների վերացման պատասխանատվությունը: Ըստ բանախոսի՝ դա է ձգձգման պատճառը: