Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: ԱՄՆ-ն շարունակում է Սիրիայի կառավարությանը մեղադրել միջազգային օրենսդրությունը խախտելու մեջ, ասվում է հայտարարության մեջ, որն Օբաման ուղղել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներին, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթուղթն ընդհանուր առմամբ կրկնում է անցած տարիներին կազմված ծանուցումները: Օրինակ, այնտեղ հիշատակվում է Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենք ձեռք բերելու փորձերը, որը ոչնչացվել է 2013-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ, որով էլ կանխվել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օպերացիան:
Օբաման չի նշել վերջին տարվա ընթացքում Սիրիայում իրադրության ծայրահեղ փոփոխության, մասնավորապես, ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ինքնահռչակման մասին, որին ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ամենամեծ սպառնալիքն է համարում:
ԱՄՆ-ն նախկինի պես կարծում է, որ հենց սիրիական կառավարություն է մեղավոր երկրում ծայրահեղականության աճի համար:
Դրանից բացի, Օբաման քննադատել է սիրիական իշխանությունների կողմից «դաժան բռնություններն ու մարդու իրավունքների խախտումները» և կոչ է արել Սիրիային սկսել իշխանափոխության գործըթացը՝ չնայած, որ չի հիշատակել նախագահ Բաշար Ասադի հեռանալու մասին: