Պոզները Իսրայելի վարչապետ Նեթանյահուին կհարցնի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
ՄիջազգայինՌուսաստանցի հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջ կբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ինքը Պոզներըˋ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի, այս հարցի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշմանը, ինչպես նաև ուկրաինական հարցին:
«Ցեղասպանութան և հոլոքոստի նման երեևույթների հետ բախվելիս ցասման և անզորության զգացում եմ ունենում, որովհետև այլևս ոչինչ հնարավոր չէ անել, դա արդեն տեղի է ունեցել»,- ասել է հաղորդավարը:
Խոսելով այն մասին, թե ինչու ԱՄՆ-ի և Իսրայելի նման երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Պոզները նշել է. «Ես ունեմ իմ բացատրությունը, բայց, ցավոք, ես այս հարցով չեմ խոսել Միացյալ Նահանգների նախագահի հետ: Քաղաքականությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր, բաղկացուցիչ մասն է, որը զբաղեցնում է մարտավարական աշխարհագրական դիրք: Չեն ցանկանում փչացնել նրա հետ հարաբերությունները: Ահա Ֆրանսիան ճանաչեց: Եվ թեև թուրքերը շատ կտրուկ հանդես եկան դրա դեմ, ֆրանսիացիներն ասացին. «Այս հարցը լուծված է, մենք դրան չենք վերադառնում»: Միացյալ Նահանգները, որ Արևմտյան աշխարհի ազդեցիկ երկիրն է և որի համար ՆԱՏՕ-ն հսկայական նշանակություն ունի, չի ցանկանում Թուրքիային «մորթու հակառակ ուղղությամբ շոյել»: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ես այս հարցը կտամ պարոն Նեթանյահուին, քանի որ հնարավորություն կունենամ հարցազրույց վարել նրա հետ»: