Վրաստանը խնդրում է ԵՄ-ին՝ Ռիգայի գագաթնաժողովում ճանաչել երկրի եվրոպական հեռանկարը
ՄիջազգայինՎրաստանը պաշտոնական նամակ է ուղարկել Բրյուսել, որում հույս է հայտնել, որ Եվրամիության Ռիգայի գագաթնաժողովում կճանաչվի երկրի եվրահեռանկարը:
Նամակն ուղարկվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի անունով: Վրաստանի կողմից նամակն ստորագրել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Նամակը հրապարակել է հանրապետության ԱԳ նախարարությունը:
«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21-22-ին տեղի է ունենալու Ռիգայում: Թբիլիսիում հուսով են, որ գագաթնաժողովում որոշում կընդունվի Եվրամիության հետ Վրաստանի անայցագիր ռեժիմի մասին:
«Հույս ենք հայտնում, որ Վրաստանի եվրոպական հեռանկարը կճանաչվի եւ, որ ամենագլխավորն է, կարեւոր առաջընթաց կարձանագրվի այցագրային ռեժիմի ազատականացման տեսանկյունից»,- ասված է նամակում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրի ղեկավարները նաեւ գրում են, որ այցագրային ռեժիմի ազատականացումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում ապրող բնակչությանը ցույց կտա՝ ինչ օգուտ նրանք կարող են ստանալ Վրաստանի հետ վերաինտեգրաման արդյունքում: