Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել: Ըստ թուրքական «Հաբեր 7» լրատվական կայքի՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպման օրակարգային կարևոր հարցերից է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Նա նշել է, որ այդ հարցում կատարվելիք բոլոր քայլերը քննարկվել են երկողմ հանդիպումների ընթացքում: Երկու նախագահների հանդիպման օրակարգում ընդգրկված մյուս կարևոր հարցը վերաբերում է էներգետիկ ոլորտին: Էրդողանը տեղեկացրել է, որ այս ամսի 20-ին տեղի կունենա Տրանս-անատոլիական (TANAP) գազատարի հիմնարկեքի արարողությունը: Ի դեպ, այդ գազատարի կառուցմամբ նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով արտահանել Եվրոպա: Ասուլիսի ընթացքում Էրդողանը, հիշեցնելով Ադրբեջանի նախկին նախագահի՝ Հեյդար Ալիևի խոսքերը, ասել է. «Մենք գիտենք, որ երկու պետություն, մեկ ազգ ենք: Մեր այս միասնականությունը նույն վճռականությամբ պետք է շարունակվի»: