ԱԺ նիստ. պատգամավորների հայտարարությունների օր. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հեթական քառօրյա նիստի երկրորդ օրը: Գրանցվել է 106 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումը պատգմավորներն ավարտել են նախորդ օրվա նիստի ընթացքում:
Մայիսի 18-ի նիստում պատգամավորները շարունակել են առաջին ընթերցումով քննարկել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով հինգ և տասը միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար: Ներկայումս սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:
Պատգամավորները շարունակել են քննարկել արտահերթ նիստում ընդհատված՝ Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը, որով նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:
Մայիսի 19-ի նիստի ընթացքում՝ ժամը 17:00-ից պատգամավորները հանդես կգան 3 րոպե տևողությամբ հայտարարություններով: