Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը facebook-ի իր էջում նշել է, որ արդեն երկու օր է' վերին օղակներից իրեն զգուշացնում են մոտ ժամանակում ձերբակալվելու մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ին հայտնել է ինքը' ռազմական փորձագետը:
Ուզեիր Ջաֆարովն ասել է, որ օգոստոսի 29-ին թերթերի, էլեկտրոնային ԶԼՄ-ների և լրատվական գործակալությունների ու կայքերի գլխավոր խմբագիրների մասնակցությամբ անցկացված ժողովում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը իրեն մեղադրել է Ադրբեջանի զինված ուժերի, պետության դեմ և Հայաստանի «օգտին աշխատելու» մեջ:
Ռազմական փորձագետը նշել է, որ Մեհտիևի հայտնի ելույթից հետո իր հասցեին նման մեղադրանքներ է տեղացել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դերգահլըն, ով ասել է, թե տեղեկատվական պատերազմում Հայաստանն, իբր, օգտվում է Ջաֆարովի «ապատեղեկատվությունից»:
Ուզեիր Ջաֆարովը չի բացառել, որ կարող են իրեն ևս ձերբակալել մտացածին մեղադրանքներով, ինչպես ադրբեջանական իշխանություններն ավանդաբար դա անում են իրենց քննադատող հասարակական ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների դեպքում: Ադրբեջանցի ռազմական փորձագետը հայտարարել է, որ ինքը ոչ մեկից չի վախենում, քանի որ խոսում է միմիայն ճշմարտությունների մասին և շարունակելու է քննադատել ադրբեջանական բանակում և զինված ուժերում առկա բացասական երևույթները: