«Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ». Մխիթարյանը գերազանց մարզավիճակով է մոտենում եզրափակչին
ՍպորտԳերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում կայանալիք «Բորուսիա» – «Վոլֆսբուրգ» խաղից առաջ Ruhr Nachrichten պարբերականն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
«Մխիթարյանը չի պատկանում մարդկանց տեսակին, որոնք կարողանում են իրենց հոգեվիճակը թաքցնել սառը հայացքի ներքո: Բոլոր նրանք, ովքեր նախորդ մի քանի շաբաթների ընթացքում հետևել են նրա խաղին, գիտեն, թե ինչպիսի խաղ կարող է ցուցադրել այս նուրբ ու խելացի գործող ֆուտբոլիստը:
26-ամյա ֆուտբոլիստը մարզումից հետո չի հեռանում և լրացուցիչ վարժություններ է կատարում: Գոլ+փոխանցում սկզբունքով վերջին 7 խաղերում նա նույնքան միավոր է վաստակել: Նա Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչին մոտենում է գերազանց մարզավիճակով:
Մխիթարյանը չի բացահայտում գաղտնիքներն ու ասում է, որ, հավանաբար, ինչ-որ բան փոխվել է և այն ժամանակահատվածում, երբ ինքը վատ էր խաղում, շարունակում էր աշխատել, աշխատել և ևս մեկ անգամ՝ աշխատել.
«Ցանկացել և ցանկանում եմ բարելավել որակներս: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ: Ուրախ եմ, որ աստիճանաբար հատուցում եմ նրանց այդ ամենի համար: Կանենք հնարավորը, որ չկրկնենք նախորդ տարվա սխալները»,- նշել է Մխիթարյանը: