Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրությունը զգալիորեն կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությ ան հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Նա հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին իրադրությունը շփման գծում բավական լարված է եղել, մշտապես ստացվել են տեղեկություններ դիվերսիոն հարձակումների, մահերի, գյուղերի և քաղաքացիական անձանց վրա կրակոցների վրա: «ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Կասպրշիկը' դրական համարելով Սոչիի հանդիպումից հետո իրավիճակի կայունացումը: Նա ավելացրել է, որ ՄԽ համանախագահները պարբերաբար հանդիպումներ են ունենում հակամարտող կողմերի հետ' հիմնախնդրի կարգավորման նպատակով: Կասպրշիկի համոզմամբ' հրադադարի ռեժիմի խախտման մեջ միակողմանի մեղավորներ չկան:
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձնում սահմանային գյուղերում բնակվողների անվտանգության ապահովմանը: