ԱԺ քառօրյա. կառավարությունը կպատասխանի պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօյայի երրորդ նիստը: Նիստի մեկնարկին նախ քվեարկության են դրվելու նախորդ օրը քննարկված հարցերը:
Հունիսի 9-ի նիստում խորհրդարանը շարունակել է քննարկել «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը . հիմնական փոփոխությունները վերաբերում են հանրաքվեին մասնակցող անձանց ցուցակների կազմմանը, հրապարակմանը, տեղամասային հանձնաժողովների ձեւավորման ժամկետներին, դիտորդական առաքելություն իրականացնողների իրավունքների իրացման համար պայմանների ապահովմանը, հանրաքվեի արդյունքների հրապարակմանը եւ հանրաքվեի դրված նախագիծն ընդունված լինելու դեպքում դրա ուժի մեջ մտնելուն, հանրաքվեի դնելիք նախագծին կողմ կամ դեմ արտահայտվողների համար հավասար պայմանների ապահովմանը:
Այնուհետեւ խորհրդարանը սկսել է քննարկել «ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով 2014 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, նշել է, որ հաշվետու տարում կանխատեսված է եղել ունենալ 5.2% տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 3.4 տոկոս՝ կապված արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղմամբ, փոխարժեքի արժեզրկմամբ, Ռուսաստանից փոխանցվող դրամական միջոցների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի դանդաղման ազդեցությամբ: 2014 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի իրական արտահայտությամբ 3.4%-աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 10-ի նիստում:
Ժամը 16:30-ից խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարց ու պատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: