Գերմանիայի Բոխում քաղաքում գործող թուրքական Taksim Bochum գիշերային ակումբն ամբողջ տարվա ընթացքում անվճար մուտք է առաջարկում այն բոլոր այցելուներին, ովքեր Թուրքիայում օգոստոսի 10-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում կքվեարկեն նախագահի թեկնածու, այդ երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է BBC-ին:
Այս մասին գովազդը Taksim Bochum գիշերային ակումբը տեղադրել է իր կայքում' նշելով, որ հաստատությունը հանդիսանում է «թուրքական ամենախոշոր գիշերային ակումբն ամբողջ Եվրոպայում»: «Քվեարկիր, լուսանկարիր քվեաթերթիկը, ցույց տուր մեզ և ստացիր ամբողջ տարի անվճար այցելություն ակումբ», -ասվում է գովազդում:
Թուրքիայում առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ անցկացվելիք նախագահական ընտրություններում գործող վարչապետ Էրդողանի հետ մրցակցելու են ընդդիմության միասնական թեկնածու, Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը::