ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
ՔաղաքականԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է շրջանառությունից հանել աշխատանքային գրքույկները: Նախագծին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 29 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով մտահոգություն հայտնեց, որ աշխատանքային գրքույկների շրջանառությունից հետո քաղաքացիներn իրենց աշխատանքի վերաբերյալ տեղեկանքը պետք է ստանան ստեղծվելիք տվյալների բազայից, որտեղից այդ տեղեկանքը տալու համար կարող են գումարներ պահանջել քաղաքացիներից: «Հաշվի առնելով այս մտահոգությունը՝ մենք քվեարկում ենք ձեռնպահ»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Մինչև 2017 թվականը մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղ, ստեղծվի ընդհանուր բազա, որից հետո արդեն շրջանառությունից կհանվեն աշխատանքային գրքույկները: Պետությունը պարտավոր կլինի բազայի միջոցով պահպանել քաղաքացիների աշխատանքային պատմությունը: Մինչև 2017 թվականն աշխատողներն իրենց աշխատանքային գրքույկներով պետք է գնան և հաշվառվեն համապատասխան բազայում, որը դեռևս չի ձևավորվել:
Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ են հետապնդում կարգավորել ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող առանձին նորմերի հստակեցմանը և այլն: