Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, որն ընդունվել է 1997 թվականին, ուժի մեջ է մնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին Նյու Պորտում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան խորհրդի' բարձր մակարդակով առաջին աշխատանքային նստաշրջանի արդյունքները:
«Մենք ոչ մի որոշում չենք ընդունել Հիմնարար ակտից ընկրկելու վերաբերյալ: Մենք շարունակում ենք կատարել այն»,- ընդգծել է նա: Ռասմուսենը նաև նշել է, որ ՌԴ-ն «դրա սկզբունքների լուրջ խախտումներ է թույլ տվել»:
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ընդունել է դաշինքի մարտունակության բարձրացմանն ուղղված գործողությունների պլանը: Մասնավորապես, Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն արագ հակազդման ուժերի հարվածային խմբավորում է ստեղծում ծովային, ցամաքային ու օդային բաղադրիչների մասնակցությամբ, որոնք կարող են ծավալվել երկու օրվա ընթացքում: Դրա շտաբը գտնվելու է Լեհաստանում, առաջապահ ջոկատները կտեղավորվեն Արևելյան Եվրոպայում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: