Ճանապարհային երթևեկության խախտումներից կազմված վարչական ակտերը, որոնց մասին պատշաճ ձևով չի ծանուցվում վարորդին, դրանցով սահմանված գումարը չի կրկնապատկվում. նման դեպքերում վարչական ակտը հարկադիր կատարման է ուղարկվում մայր գումարով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով մտահոգությունները, թե առանց վարորդներին տեղյակ պահելու՝ ԴԱՀԿ-ն սառեցնում է հաշիվները:
«Այսինքն՝ եթե երկու, երեք ամիս հետո վարորդը ցանկանա վճարել տուգանքը, կարող է վճարել, իսկ եթե չցանկանա, վճարումը կբռնագանձի հարկադիր կատարողը»,-ասաց նա:
Իսկ թե ինչու շատ հաճախ վարորդը տուգանքի մասին պատշաճ չի իրազեկվում, ՃՈ պետի տեղակալը պատասխանեց. «ճանապարհային ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով վարչական ակտը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում այն ուղարկում է ակտի հասցեատիրոջը: Բնականաբար՝ կան այնպիսի իրավիճակներ, երբ հասցեատերը տանը չէ, չի բնակվում այդտեղ կամ նշել է սխալ հասցե, տեղափոխվել է կամ ամռան սեզոնին հանգստանալու է գնացել արտերկիր: Բնականաբար՝ նամակը վերադառնում է Ճանապարհային ոստիկանություն, որտեղ նշվում է, որ քաղաքացին չի ստացել, բայց համարվում է պատշաճ ծանուցում: Նաև ՃՈ-ն police.am-ում տեղադրում է բոլոր վարչական ակտերը, և ցանկացած քաղաքացի կարող է մուտք գործել կայք և տեսնել, թե ինչ վարչական ակտեր կան իր անունով»: