ԱԺ-ն վավերացրեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության վարկային համաձայնագիրը
ՔաղաքականԱզգային ժողովը հաստատեց Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության շարունակման համար վարկային համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրին կողմ քվեարկեց 85, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 4 պատգամավոր:
Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներգրավել 150 միլիոն դոլարի վարկային միջոցներ: Վարկի օգտագործման առավելագույն ժամկետն է 20 տարի, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է 1.65 տոկոս: Վարկի օգտագործման 5 տարին արտոնյալ է: Վարկի մայր գումարի մարումը նախատեսվում է իրականացնել ծրագրի իրականացման պահից 5 տարի անց:
Համաձայնագրով նախատեսված է ծրագրի ֆինանսավորումը հետևյալ ուղղություններով՝ առաջինը Ագարակից դեպի Քաջարան 20.5 կիլոմետր երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքներն են, երկրորդը խորհրդատուի ծառայություններն են, ինչպես նաև ինժեներական աշխատանքները, երրորդը՝ վարկային համաձայնագրով չնախատեսված ծախսեր 6.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով:
Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ևս ստանձնում է ֆինանսական պարտավորություններ: Մասնավորապես, համաֆինանսավորվելու են վարկային ծրագրի իրականացման ընթացքում առաջացած անուղղակի հարկերը՝ շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Համաֆինանսավորվելու է նաև հողօտարման գործընթացը՝ 4.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: