Հ. Աբրահամյանի բարոյախրատական ցուցումներն ակցիայի մասնակիցների կողմից ստացան արժանի պատասխան
ՔաղաքականԱյսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` կապված էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարի դուրս եկած ցուցարարների հետ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Մենք ուշադիր հետևում ենք այն ամենին, ինչ այս օրերին կատարվում է Հայաստանում: Հույս ունենք, որ իրավիճակը դուրս չի գա իրավական դաշտից: Հույս ենք դնում հայկական ղեկավարության ողջամտության և իմաստության վրա: Մեր տեղեկություններով` կարելի է ակնկալել, որ ինչ որ փոխզիջումային որոշում ցուցարարների կողմից բարձրացված հարցերի շուրջ կարելի է գտնել: Սպասում ենք լուրեր Երևանից»:
Ի հեճուկս Ռուսաստանի կառավարության ու բարձրաստիճան ղեկավարության՝ այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքված հանրության գործելաոճն իրեն դուր չի գալիս. «Նման ոճը որևէ հաջողության չի բերելու: Ես առաջարկում եմ լինել հնարավորինս կառուցողական: Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, որը կբարձրացնեն իրենք: Փակելով կենտրոնական փողոցներից մեկը՝ Բաղրամյան փողոցը, և նաև խաթարելով տեղաշարժը, իմ կարծիքով, խախտում են Սահմանադրությունը և օրենքները: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում վերադառնալ կառուցողական դաշտ. միասին քննարկենք խնդիրները»:
Հարկ ենք գտնում տեղեկացնել, որ բարոյախրատական դասերից հետո վարչապետը այնուամենայնիվ հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա, իսկ անապահով ընտանիքները կստանան որոշակի չափով ֆինանսական փոխհատուցում:
Ի հիասթափություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պայքարի դուրս եկած քաղաքացիները ևս մեկ անգամ կառավարությանը հիշեցրին, որ որոշողն իրենք են և Բաղրամյան պողոտան փակ են պահելու այնքան ժամանակ մինչև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը չկասեցվի:
«Ոչ թալանին» նախաձեռնության մամլո խոսնակ Վաղինակ Շուշանյանի խոսքով` իշխանությունն իր հաշվարկներում սխալվել է. «Եթե իրենք հույս ունեն, որ մեզ հանգիստ են թողնելու, մենք էլ այստեղ նստելով հոգնելու ենք ու գնալու ենք տներով, ապա ասեմ, որ իշխանությունները սխալվում են, սխալ հաշվարկ են արել»:
Ցուցարարները հիշեցրեցին նաեւ, որ այսօր ժամը 18:00-ին Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է անցկացվելու, որից հետո հանրահավաքի մասնակիցները երթով կմիանան Բաղրամյանի ցուցարարներին:
Սոսե Չանդոյան