Քոչարյանը հրավիրվել է Մոսկվա՝ Մեդվեդևին բացատրություններ տալու համար
ՔաղաքականԱրդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը նույն ինքնաթիռով մեկնել են Մոսկվա:
Արդեն իսկ հաստատվել է Երևանից Բիբինի բացակայության մասին տեղեկատվությունը: Պաշտոնապես հաստատվել է, որ այս օրերին նա Մոսկվայում մասնակցում է ՀԷՑ տնօրենների խորհրդի նիստին: Ընդ որում, չնայած պաշտոնական աղբյուրները լռում են այդ մասին, նիստը հրավիրվել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող գործընթացները ծնող պատճառները քննարկելու պատրվակով:
Պաշտոնական Մոսկվան պահանջել է ՀԷՑ տնօրենների խորհրդից՝ բացահայտել Հայկական էլեկտրական ցանցերի ամբողջ կոռուպցիոն շղթան՝ ձեռք բերման օրվանից առ այսօր և այդ մասին զեկուցել անձամբ ՌԴ վարչապետ Մեդվեդևին:
Orer.am-ի տեղեկություններով՝ հենց այդ նպատակով Բիբինի հետ Մոսկվա է մեկնել նաև Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք հենց կնքվել է ՀԷՑ-ը ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառելու գործարքը: Քոչարյանը պետք է բացատրություններ տա ընկերության վաճառքի ստվերային կողմերի և դրա մեջ հայ և ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության մասին:
Փաստորեն հայկական Մայդանի ուրվականը ռուս պաշտոնյաներին ստիպում է արթնանալ խորը թմբիրից: