Եվրոպական խաղեր. Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 36-րդ տեղը
ՍպորտԲաքվում անցկացված առաջին Եվրոպական մարզական խաղերում ավարտվեց մեդալային պայքարը: Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ արծաթե մեդալով Կիպրոսի հետ բաժանեց 36-37-րդ տեղերը:
Հայաստանի պատվիրակությունն Ադրբեջանի մայրաքաղաք էր մեկնել 25 մարզիկներով, որոնք հանդես եկան 6 մարզաձեւերում՝ բռնցքամարտ, սամբո, ձյուդո, հրաձգություն, թաեքվոնդո եւ ըմբշամարտ (հունահռոմեական ու ազատ ոճի):
Հայաստանի միակ մեդալը նվաճեց 26-ամյա Միհրան Հարությունյանը, որը հունիսի 14-ին երկրորդ տեղն էր գրավել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպական խաղերում հանդես եկան նաեւ բռնցքամարտիկներ Արտյոմ Ալեքսանյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Նիկոլ Արությունովը (81 կգ), հրաձիգներ Հրաչիկ Բաբայանն ու Նորայր Առաքելյանը, ձյուդոիստներ Ժաննա Ստանկեւիչը (52 կգ), Հովհաննես Դավթյանը (60 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), սամբիստներ Սոսե Բալասանյանը (52 կգ), Տիգրան Կիրակոսյանը (57 կգ), Աշոտ Դանիելյանը (90 կգ), թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ), ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշներ Ռոման Ամոյանը (59 կգ), Կարապետ Չալյանն (75 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):
Եվրոպական խաղերի թիմային հաշվարկում հաղթեցին ռուսները, որոնք նվաճեցին 164 մեդալ (79 ոսկի, 40 արծաթ, 45 բրոնզ): Ադրբեջանը գրավեց երկրորդ տեղը (21-15-20), իսկ Մեծ Բրիտանիան եզրափակեց լավագույն եռյակը (18-10-19): Ընդհանուր առմամբ, խաղարկվեց մեդալների 253 հավաքածու: Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կկայանա հունիսի 28-ին: