Հայաստանը և Ճապոնիան զարգացնում են հարաբերությունները սպորտի բնագավառում
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ քննարկել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարց երի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ղազարյանը ներկայացրել է նախարարության ծրագրերը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդական քաղաքականության բնագավառում:
«Սպորտի բարձրագույն նվաճումների ուղղությամբ համագործակցում ենք մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ, սակայն մեր կարևորագույն խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզչության ուղղությամբ տարվող աշխատանքներն են»,- նշել է նախարարը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ճապոնական այկիդո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն առնչվող հարցերին: Ղազարյանի խոսքով՝ ձյուդոն մեծ մասսայականություն է վայելում, և հայ ձյուդոյիստները բավական լավ մարզական հաջողություններ են գրանցում միջազգային մրցահարթակներում:
Նախարարը դեսպան Տագուչիին համառոտ տեղեկատվություն է ներկայացրել օգոստոսին կայանալիք Համահայկական խաղերի վերաբերյալ և ասել, որ ընդլայնվել է ոչ միայն խաղերի մասնակցության հայտ ներկայացրած մարզիկների քաղաքների աշխարհագրությունը, այլև ավելացել է մարզաձևերի և մասնակիցների քանակը: Զրուցակիցները խոսել են նաև հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրերում շախմատի դասավանդման առավելությունների մասին, ինչը դեսպանը դրականորեն է գնահատել:
«Հայաստանը և Ճապոնիան տարածքով փոքր երկրներ են, սակայն երկուսն էլ հարուստ են մշակութային լուրջ ավանդույթներով և մեծ ժառանգությամբ: Մենք շատ բան ունենք միմյանցից սովորելու»,- եզրափակել է նա իր խոսքը: