Բռնություններն Ադրբեջանում. «Amnesty International»-ը դիմել է Իտալիայի վարչապետին
Միջազգային«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության իտալական մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ջաննի Ռուֆինին նամակով դիմել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին՝ խնդրելով հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ նախատեսված հանդիպման ժամանակ բարձրացնել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հարցը: Այս մասին հաղորդում է «Amnesty International»-ի իտալական մասնաճյուղի կայքը:
Նամակին զեկույց է կցված, որը վերնագրված է. «Ադրբեջան. բռնությունների խաղերը»: Զեկույցում «Amnesty International»-ը դատապարտում է այլախոհության ճնշումը, ավելի քան 20 խղճի կալանավորների առկայության փաստը եւ մարդու իրավունքների բազմաթիվ այլ խախտումները, որոնք նախորդել ու հաջորդել են հունիսի Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերին:
«Հեռանկարային, ժամանակակից ազգի կերպարի հետեւում, որը ցուցադրաբար ներկայացնում է կառավարությունը, թաքնվում է պետություն, որտեղ պարբերաբար, ավելի ու ավելի հաճախ քննադատությունը բախվում է իշխանությունների կողմից կիրառվող բռնություններին: Լրագրողները, քաղաքական ակտիվիստները եւ իրավապաշտպանները, որոնք համարձակվում են մարտահրավեր նետել կառավարությանը, բախվում են շինծու մեղադրանքների, անարդար դատական գործընթացների եւ երկարատեւ բանտարկությունների»,-գրել է Ռուֆինին:
Նամակում նա ներկայացրել է խղճի կալանավորների ու բանտարկված լրագրողների մի քանի պատմություններ՝ նշելով, որ շարունակում է կոչ անել անհապաղ ազատ արձակել նրանց: