Եվրոպայի լիգա. «Շիրակը» դուրս եկավ երկրորդ փուլ
ՍպորտԳյումրու «Շիրակը» հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
Բոսինան և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» հետ առաջին հանդիպումն ավարտվել էր Գյումրու թիմի հաղթանակով` 2:0 հաշվով: Մոստարում կայացած պատասխան հանդիպման մինչև 80-րդ րոպեն «Շիրակը» պահպանեց 2 գնդակի առավելությունը, սակայն 5 րոպեում 2 գոլ բաց թողեց, ինչն էլ լարվածություն հաղորդեց խաղի վերջնամասին: Նախ 80-րդ րոպեին Մեշանովիչն առաջ մղեց դաշտի տերերին` դիպուկ իրացնելով Գևորգ Հովհաննիսյանի` սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար նշանակված 11-մետրանոց հարվածը, ապա 5 րոպե անց Ֆիլիպովիչը խփեց երկրորդ գոլը: Այդուհանդերձ, Վարդան Բիչախչյանի սաներին հաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր ապահովող գոլ խփել. 96-րդ րոպեին «Շիրակի» կազմում աչքի ընկավ Ժան Ժակ Բուգուհին, ով դուբլի հեղինակ էր դարձել առաջին խաղում:
Այսպիսով, երկու խաղերի արդյունքում «Շիրակը» հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ
«Զրինսկի»-«Շիրակ»` 2:1 (ընդհանուր` 2:3)
Գոլերը` Մեշանովիչ 80՛ (11-մետրանոց), Ֆիլիպովիչ 85՛ - Բուգուհի 90+6՛