Կասիլյասը չի ցանկանում հրաժեշտի արարողության մասնակցել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պայմանագրի խզման հարցում վերջնական համաձայնություն է ձեռք բերել դարպասապահ Իկեր Կասիլյասի հետ: Այս մասին տեղեկացնում են իսպանական «Marca», «AS» առցանց պարբերականները, «Onda Cero» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ:
Առավոտյան լուրեր էին շրջանառվում, որը Կասիլյասի` «Պորտու» տեղափոխությունը ձախողման եզրին է, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցերում, սակայն դարպասապահը կեսօրին հանդիպել է մադրիդյան ակումբի ղեկավարության հետ ու ընդունել է բոլոր առաջարկները, քանի որ ցանկանում է հնարավորինս շուտ միանալ նոր թիմին: Իկերն այսօր չի մասնակցել 2015-16թթ. մրցաշրջանի «Ռեալի» նախապատրաստական առաջին մարզմանը:
«AS»-ի հաղորդմամբ` Իկեր Կասիլյասը չի ընդունել «Սանտյագո Բեռնաբեուում» հանդիսավոր հրաժեշտի արարողություն կազմակերպելու առաջարկը և ցանկանում է միայն հրաժեշտի մամուլի ասուլիս տալ, ինչպես 2010-ին եղել է Ռաուլի և Գուտիի հեռանալու ժամանակ:
Նշենք նաև, որ որոշ լրատվամիջոցներ էլ գրում են` օգոստոսի կեսին «Սանտյագո Բեռնաբեուի» գավաթը «Ռեալը» մտադիր է խաղարկել «Պորտուի» հետ և այդպես հրաժեշտ տալ Իկեր Կասիլյասին: Նման ձևով «Ռեալն» ուշացած հրաժեշտի խաղ էր կազմակերպել Ռաուլի համար, երբ վերջինս հանդես էր գալիս Քաթարի «Ալ Սադդ» թիմում: