Արայիկ Բաղդադյանը գոհ է հայ ըմբիշների ելույթներից
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը համարում է կայացած:
«Ստեփան Սարգսյանի մրցաշարի արդյունքներն իսկապես գոհացուցիչ են ինձ համար: Երկար ժամանակ է՝ երեք չեմպիոն չենք ունեցել մեկ մրցաշարում: Տղաների մոտ առաջընթացն ակնհայտ է, նկատում եմ, որ հավատն է վերականգնվել Եվրոպական խաղերից հետո: Գլխավորը նաև այն է, որ մրցաշարն անցավ առանց լուրջ վնասվածքների: Հոբելյանական մրցաշարը կարող եմ կայացած համարել: Այն հուսադրում է աշխարհի առաջնությունից առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:
Խոսելով բուն մրցաշարի մասին՝ Բաղդադյանը շեշտեց, որ այս մրցաշարում կային քաշային կարգեր, որոնք Բաքվի խաղերից ավելի ուժեղ կազմ էին հավաքել:
«Ինչ-որ տեղ իմ հույսերը չարդարացրեց Գարիկ Բարսեղյանը, ով պետք է գոնե եզրափակիչ հասներ, սակայն կիսաեզրափակչում լավ չմասնակցեց: Բայց նա գերազանց մասնակցեց բրոնզե մեդալի համար պայքարում: Դավիթ Սաֆարյանը մոտ երկու տարվա դադարից հետո կրկին մեդալ նվաճեց: Սա նրա համար առաջընթաց է: Մեր բոլոր մարզիկներն այս մրցաշարում գոտեմարտել են 60-70 տոկոսով: Դեռ զարգանալու տեղ ունեն»,-շեշտեց գլխավոր մարզիչը:
Բաղդադյանը վստահեցրեց, որ ընտրանին կհասցնի վերականգնվել աշխարհի առաջնության համար, որից առաջ դեռ երկու հավաք ունի:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-12-ը: