Հայ ֆուտբոլիստները կարող են ՌԴ-ում լեգիոներ չհամարվել
ՍպորտԵվրասիական տնտեսական միության երկրների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստան) ֆուտբոլիստները կարող են այդ երկրներում այլևս լեգիոներ չհամարվել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպորտ-Էքսպրես»-ը, Հայաստանը և Ռուսաստանը կառավարությունների մակարդակով բանակցություններ են վարում ԵԱՏՄ անդամ երկրների ֆուտբոլիստների կարգավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն չէր բացառել, որ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը ներկայացնող ֆուտբոլիստները կարող են դադարել ՌԴ-ում լեգիոներ համարվելուց, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2018թ.-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո:
Հուլիսի 14-ին Ռուսաստանի ֆուտբոլի միության գործադիր կոմիտեն հաստատեց Ռուսաստանի առաջնությանը մասնակից թիմերում լեգիոներների նոր սահմանափակումը, համաձայն որի՝ խաղադաշտում միաժամանակ կարող են գտնվել 6 լեգիոներից ոչ ավելի: Իսկ Ռուսաստանում լեգիոների կարգավիճակ ունեն բոլոր այն ֆուտբոլիստները, ովքեր իրավունք չունեն հանդես գալ Ռուսաստանի հավաքականում: