Աբրահամ Խաշմանյանի համար «Ալաշկերտ»-ի հաղթանակը «Կայրաթ»-ի դեմ օրինաչափ է
ՍպորտԵրևանի «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի կարծիքով՝ «Կայրաթ»-ի դեմ տոնած հաղթանակն օրինաչափ է:
«Միշտ բարդ է լինում, երբ նախորդ խաղում պարտվում ես 3-0 հաշվով: Կարևոր է, որ հետո կարողացաս թիմն առավելագույնս վերականգնել, ինչը, կարծում եմ, մեզ մոտ ստացվեց՝ թե՚ հոգեբանորեն, թե՚ ֆիզիկապես, թե՚ տակտիկապես: Մեր այս հաղթանակն օրինաչափ էր: Այսօր մենք կազմակերպված ֆուտբոլ էինք խաղում: Հասանք այն ամենին, ինչին ուզում էինք: Ես գոհ եմ տղաներից, և ես շնորհակալ եմ նրանցից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Խաշմանյանը:
Խոսելով բաց թողած գնդակի մասին՝ հայ մասնագետը փաստեց, որ այդ գնդակը անփութության արդյունք էր: «Նման գոլեր չի կարելի բաց թողնել: Մենք կարողացանք բաց թողած գնդակից հետո չթուլանալ, այլ նաև ավելացնել»,- ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան «Ալաշկերտ»-«Կայրաթ» խաղում հայկական թիմը հաղթեց, բայց, առաջին խաղում պարտվելով 3-0 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: