Վերջին օրերի հայ քաղաքական դաշտի շոու-բիզն, անշուշտ, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ - Ալեքսանդր Սարգսյանի «գալիվուդյան» գաստրոլներն էին: Անշուշտ մեր իշխանությունների կամ նրանց հարազատների ցանկացած հրապարակային փայլատակում որոշակի ժամանակ զբաղեցնում է հայ քաղաքական և սոցցանցային միտքը, զուգահեռաբար կատարում «կայֆավատի տոնածառի» դեր, սակայն տխուր է, որ իր երկրորդ նախագահության ժամկետը գլորող Սերժ Սարգսյանը այդպես էլ չի կարողանում վերահսկել իր հարազատներից ոմանց վարքը:
Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե անեկդոտի մեջի դևերով շրջապատված փրկչի քայլվածքով հանրապետականը ինչու չէր կարող շարունակել իր հեռախոսային խոսակցությունը և լուռ հեռանալ՝ առանց լրագրողների վրա «մուննաթ» գալու: Իմաստը ո՞րն էր հերթական թևավոր արտահայտությունը վաստակելու: Վերջիվերջո այս մարդիկ պետք է գիտակցե՞ն, որ երկրի ղեկավարի եղբայր կամ հարազատ լինելը ավելի շատ պարտավորություն է, քան իրավունք:
Մեր դեպքում դա, իհարկե՛, անսահման հարստություն կուտակելու գրեթե սահմանադրական իրավունք է: Սակայն երկիրը հարստահարելուց և «Պարոն 50 տոկոս» մականունը վաստակելուց հետո անգամ մարդիկ այդ ամենը լուռ «վայելելու» քաջություն չունեն: Եվ անպայման, յուրաքանչյուր հրապարակային ներկայացման ժամանակ, իրենց ամբողջական էությունը պետք է անպայման ի ցույց դնեն:
Սերժ Սարգսյանը փորձում է սահմանադրական բարեփոխումների միջոցով երկարաձել իր իշխանությունը: Ոչ մի սահմանադրական բարեփոխում Ձեզ չի կարող փրկել, պարոն Սարգսյան: Չի կարող փրկել, քանի դեռ ուժ չեք գտել Ձեր մեջ՝ հորդորելու հարազատներին և փոխկապակցված անձանց՝ զսպելու իրենց հասարակական վայրերում:
Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Սարգսյանի՝ ամեն ինչի 50 տոկոսը ձեռք բերելու՝ ժողովրդական բանահյուսության նյութ դարձած խոսակցություններին, ապա մի բան պարոն Սարգսյանը բաց է թողել: Լավ կլիներ որևէ մեկից զսպվածություն ձեռք բերել:
Թեկուզ, խասիաթի համաձայն, 50 տոկոս...
Վարուժան Բաբաջանյան