Այժմ այն տարիքում չեմ, երբ ակումբներ են փնտրում ԱՄԷ-ում կամ Քաթարում. Հենրիխ Մխիթարյան
Սպորտtert.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերքել է այն լուրերը, որ պատրաստվում է հեռանալ գերմանական ակումբից։ Բացի այդ, նա խոսել է դորտմունդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի եւ ներկայիս մարզիչ Թոմաս Տուխելի մասին։
«Չեմ ցանկանում մեկնաբանել հեռանալուս մասին լուրերը։ Պարզապես ուզում եմ առաջ նայել։ Ինձ այստեղ դուր է գալիս, եւ դա ամենակարեւորն է։ Երբեք չեմ զգացել, որ սխալվել եմ՝ տեղափոխվելով «Բորուսիա»։ Դորտմունդում երբեք դժգոհ չեմ եղել, սակայն, իհարկե, եղել են բարդ պահեր։ Փորձում էի ամեն ինչ անել, որպեսզի դուրս գամ խաղային ճգնաժամից։
Երջանիկ եմ Կլոպի գլխավորությամբ աշխատելու հնարավորության համար։ Շնորհակալ եմ Յուրգենին։ Զրուցել եմ նրա հետ արձակուրդիս ժամանակ։
Ճիշտ է, որ Թոմաս Տուխելն է ինձ վրա դրական ազդել, սակայն իմ որոշումն էր մնալ «Բորուսիայում»։ Բազմաթիվ նպատակներ ունեմ, ցանկանում եմ մարդկանց ապացուցել, որ լավ ֆուտբոլիստ եմ, իսկ երկրպագուներին երջանիկ դարձնել։ «Բորուսիան» մեծագույն ակումբ է, եւ ինձ լավ եմ զգում Դորտմունդում։ Այժմ այն տարիքում չեմ, երբ ակումբներ պետք է փնտրեմ ԱՄԷ-ում կամ Քաթարում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sportal.de-ն։