Աբրահամյանն ու Ջահանգիրին պայմանավորվել են սկսել Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները
ՔաղաքականՎարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ- իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:
Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:
Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի: