Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամը դժգոհ է հանդբոլի մրցաշարը սպասարկող մրցավարներից
ՍպորտՀամահայկական խաղերի համաշխարհին կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը դժգոհ է Համահայկական խաղերի հանդբոլի մրցաշարի մրցավարների աշխատանքից:
«Այո՚, ես դժգոհ եմ մրցավարությունից, հատկապես եզրափակիչ այս խաղում: Պետք է բողոքեմ մրցավարությունից: Համահայկական համաշխարհային կոմիտեի գլխավոր նիստին պետք է բարձրաձայնեմ այս մասին և պետք է առաջարկեմ, որ հաջորդ Համահայկական խաղերի ժամանակ հայաստանցի մրցավարները չդատեն հայաստանյան թիմերի խաղերը»,- ասաց Դուզյանը:
Առաջին անգամ խաղերի ցանկում ընդգրկված հանդբոլի մասին Դուզյանը նշեց. «Կարծում եմ, որ հանդբոլի այս մրցաշարը Համահայկական խաղերի ամենաեռանդուն էր: Թեպետ ես բոլոր մարզադահլիճներում չեմ եղել, բայց հանդբոլը շատ լավ ստացվեց: Միևնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ Համահայկական խաղերի ծրագրում հենց իմ առաջարկով հանդբոլն ընդգրկվեց որպես մրցաձև: Առավել հպարտ եմ, որ հիմա հաղթեց Մարսելի թիմը, ում ներկայացնում եմ ես»: