Մարալիկում և Իջևանում սեպտեմբերի 13-ին քաղաքապետ կընտրեն
ՔաղաքականՏավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետի ընտրություններին, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 13-ին, այս պահի դրությամբ կպայքարի երկու թեկնածու:
Ինչպես հաղորդում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, գրանցված թեկնածուներն են Վարդան Ղալումյանը և Վարուժան Ներսիսյանը: Ինքնառաջադրված թեկնածուներից Արմեն Խաչատրյանը հետ է վերցրել փաստաթղթերը:
Արմեն Խաչատրյանը «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ տնօրենն է, ՀՀԿ անդամ: Վարդան Ղալումյանը, ով առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, համայնքի ներկայիս ղեկավարն է: Ինքնառաջադրված Վարուժան Ներսիսյանն էլ Կադաստրի Տավուշի տեղամասային ղեկավարն է, ով ևս Հանրապետական կուսակցությունից է:
Շիրակի մարզի Մարալիկի քաղաքապետի ընտրություններին էլ առաջադրվել է երեք թեկնածու: Մասնավորապես, ինքնաառաջադրված ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը, ով Մարալիկի քաղաքապետարանում աշխատում է որպես տեսուչ, համայնքի ներկայիս ղեկավար Արտակ Գևորգյանը, ով առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից և ինքնաառաջադրված անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ով «Հանգրավան» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես պարետ: