Ջոկովիչ. Հույս ունեմ՝ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում լավ արդյունքի կհասնեմ
ՍպորտԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, Ցինցինատիի մրցաշարի եզրափակչում պարտվելով Ռոջեր Ֆեդերերին, կրկին կորցրեց «АТР World Tour Masters 1000» շարքի բոլոր մրցաշարերում հաղթած միակ թենիսիստը դառնալու հնարավորությունը: 28-ամյա սերբ թենիսիստը «АТР»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ այժմ փորձում է կենտրոնանալ ԱՄՆ-ի Բաց առաջնության վրա, որը մեկնարկելու է օգոստոսի 31-ին:
-«Ոսկե Մասթերս» ձևակերպելու հնարավորությունն ինձ համար մեծ նշանակություն ուներ: Այս տարի խաղացի Ցինցինատիի եզրափակչում, այսինքն՝ մեկ քայլ էի հետ նպատակիցս: Մտադիր եմ շարունակել աշխատանքս, որպեսզի պատմություն կերտեմ: «Ոսկե Մասթերսն» ինձ մոտիվացնում է, կրկին կմասնակցեմ Ցինցինատիին և կփորձեմ լավագույն խաղս ցուցադրել:
Իհարկե, հիմա դիտելով Ֆեդերերի հետ եզրափակիչը՝ մի փոքր հիասթափություն եմ ապրում, քանի որ կարող էի ավելի լավ խաղալ, բայց պետք է հարմարվել: Հնարավոր չէ ամեն ինչ հաղթել: Շուտով մեկնարկելու է ԱՄՆ-ի Բաց առաջնությունը, և ես արդեն շրջել եմ էջը: Հույս ունեմ՝ Ֆլաշինգ Միդոուզի կորտերում կկարողանամ լավ արդյունքի հասնել: Ցինցինատիում մի քանի լավ հանդիպում ունեցա և մի քանի՝ ոչ այնքան հաջող: Դեռ գոհ չեմ իմ խաղից և մարզավիճակից, սակայն աշխատելու և ուղղումներ անելու համար մեկ շաբաթ ունեմ,-ասել է Ջոկովիչը: