Այդ տեքստում այնքան բլոճներ կան, որ չեք պատկերացնի. Արամ Սարգսյան
ՔաղաքականԸնդհատակ անցած հայաստանյան քաղաքական դաշտ նոր շունչ եւ ոգեւորություն մտցրեց ոչ ավել, ոչ պակաս երկրի նախագահը: Վերջինս, իր մոտ հրավիրելով տարբեր քաղաքական ուժերի եւ կուսակցությունների ներկայացուցիչների, հիշեցրեց, որ ամառային արձակուրդները մոտենում են ավարտին, եւ որ գալիս է գործելու ժամանակը:
Քաղաքական գործիչները կարծես հասկացան երկրի նախագահի խոսքն ու ակնարկը` կապված հետագա գործողությունների վերաբերյալ: Նրանցից շատերի վերաբերմունքն այժմ գործող նախագահի վերաբերյալ նկատելի կերպով փոխվել է:
Ընթացող հանդիպումների եւ ստացված հրավերներ մասին Orer.am-ը զրուցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:
Պարզվում է, որ տվյալ կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանդիպման հրավեր չի ստացել:
«Նախագահից հրավեր չենք ստացել, ինչպես հասկանում եմ՝ նա հրավիրում է միայն նրանց, ովքեր Ազգային ժողովում որեւէ մեկ պատգամավոր գոնե ունեն»,- ասաց նա: Հարցին, իսկ թե ինչ կերպ կարձագանքեիք, եթե, այնուամենայնիվ, հրավեր լիներ, Ա. Սարգսյանը պատասխանեց, որ եթե հրավեր ստանային, ապա կհանդիպեին զուտ նրա համար, որ ներկայացնեին իրենց բոլոր դիտողություններն ու անհամաձայնությունը շատ ու շատ հարցերի շուրջ:
«Եթե ասենք, որ չենք ուզում հանդիպել, ապա քաղաքական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չի լինի»,- ասաց նա:
Խոսելով ներկայացված սահմանադրական փոփոխությունների ծրագրի մասին՝ զրուցակիցը նշեց հետևյալը. «Ներկայացված տարբերակով սահմանադրական փոփոխությունները մենք չենք ընդունում: Եթե երկրի կառավարումն իրականում խորհրդարանական լինի, ապա մենք դրան կողմ ենք, որովհետեւ դա մեր կուսակցության հիմնարար սկզբունքներից է հենց առաջին օրվանից, իսկ ինչ վերաբերում է այսօրվա փոփոխություններին, ապա դա ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում է:
Եւ հետո այդ տեսքստում այնքան բլոճներ կան, որ չեք պատկերացնի: Այդ հարցերը ոտքի վրա քննարկել հնարավոր չէ»,- ասաց վերջինս:
Սոսե Չանդոյան