Նիկիտա Սիմոնյան. Ադրբեջանը պարտավոր է Մխիթարյանին թույլ տալ մտնել իր տարածք
ՍպորտՌուսական ֆուտբոլային միության նախագահ Նիկիտա Սիմոնյանը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ ադրբեջանական «Գաբալայի» դեմ արտագնա հանդիպումը քաղաքական պատճառներով։ Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին։
-Եթե խոսենք մարզական օրենքներով, ապա Ադրբեջանը պարտավոր է թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին երկիր մուտք գործել։ Եթե ֆուտբոլիստին թույլ չեն տալիս մասնակցելու հանդիպմանը, ապա կա´մ հենց Մխիթարանը, կա´մ նրա ակումբը պետք է դիմեն ՈւԵՖԱ-ին։
Ադրբեջանը որևէ օրինական հիմք չունի Մխիթարյանին արգելելու հանդես գալու իր թիմի կազմում Ադրբեջանի տարածքում։ Եթե Բաքուն նման բան անի, դա կլինի ֆուտբոլային օրենքների կոպիտ խախտում։ Մխիթարյանին քաղաքական պատճառներով հանդիպմանը մասնակցել արգելելը որևէ տրամաբանության չի ենթարկվում,-ասել է Սիմոնյանը Հայ-ռուսական տեղեկատվական գործակալությանը։