Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին
ՍպորտՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել վաստակավոր մարզիչ Ալբերտ Գրիգորյանի հիշատակին նվիրված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարի բացման արարողությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջազգային մրցաշարին ներկա են եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրյալ հյուրեր:
Նախարարը ողջունել է ներկաներին` կարևորելով միջազգային նմանատիպ մրցաշարերի անցկացումը Երևանում, որը երիտասարդ մարզիկների համար փորձի փոխանակման առիթ հանդիսանալուց բացի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հանդես գալուց առաջ ուժերը փորձելու լավ ստուգատես է: «Բոլոր մարզիկներին մաղթում եմ թեժ մրցակցություն, արդար մրցավարություն, և թող հաղթեն ուժեղագույնները»,- ողջույնի խոսքում ասել է Գաբրիել Ղազարյանը:
Նախարարը, օգտագործելով առիթը, հանդիպել և առանձնազրույց է ունեցել մրցաշարի ընթացքին հետևող Եվրոպայի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Ֆրենտիշեկ Յանդայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն առնչվող հարցեր:
Երևանի «Միկա» մարզադահլիճում սեպտեմբերի 8-9-ը անցկացվող մրցաշարին մասնակցում են 5 երկրների (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Իրան) տարբեր քաղաքներից ժամանած տղաների և աղջիկների 12 թիմեր, որոնք մրցելու են խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: