Հայաստանի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը
ՍպորտՀայաստանի ըմբշամարտի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը:
«Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան փորձում է վերականգնել խաթարված հեղինակությունը: Երեկ մրցավարական խումբը, որը սպասարկում էր Միհրան Հարությունյան - Սուրկով երրորդ տեղի համար գոտեմարտը, նաև Միհրանի գոտեմարտը կորեացի Ռյուի հետ, մեղմ ասած դրսևորել էր կողմնակալություն: Այսօր նրանցից 5-ը` ֆրանսիացի Ռեգինե Լեգլոն, մարոկկացի Նորեդին Մոսաֆան, եգիպտացի Ադել Մուստաֆան, ճապոնացի Օսամու Սաիտոն և խորվաթ Զվենկո Օչիչը որակազրկվել են: Հայաստանի հավաքականը բողոքարկելու է հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանի դեղին քարտը»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:
Մինչ այս հանդես եկած 7 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանին հաջողվեց դառնալ աշխարհի չեմպիոն: Մեդալ նվաճելուն շատ մոտ էր նաև Միհրան Հարությունյանը, սակայն նրա նկատմամբ մրցավարներն անբարյացակամ էին և՛ կիսաեզրափակիչ, և՛ բրոնզե մեդալի համար գոտեմարտերում: Նշված երկու ըմբիշները ձեռք բերեցին նաև 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ուղեգիր: