Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք՝ հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանների համագործակցության առավել ակտիվացմանը, միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացումը հատկապես մշակութային և տնտեսական ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Իգոր Նազարուկին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք համատեղ ծրագրերի հարցում՝ համոզմունք հայտնելով, որ դրանով առավել կամրապնդեն հայ-բելառուսական երկկողմ կապերը:
Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը զարգացնելու և ամրապնդելու երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումների գործընթացին, Բելառուսում կայանալիք նախագահական ընտրություններին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: