Գագիկ Մելիքյանն ակնկալում է հագեցած օրակարգով ԱԺ նստաշրջան
ՔաղաքականԱզգային ժողովի 7-րդ նստաշրջանն ունեցել է հագեցած օրակարգ և անցել է ակտիվ քննարկումների պայմաններում: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Այն հանգամանքը, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում հրավիրվել են շատ արտահերթ նիստեր և նստաշրջաններ, օրենքների մեծ մասն էլ ընդ ունվել է հենց արտահերթ նստաշրջանների ընթացքում, խոսում է այն մասին, որ 7-րդ նստաշրջանի օրակարգը եղել է շատ հագեցած: Նշանակում է, որ խորհրդարանն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Պետք չէ արտահերթ նիստերի հրավիրումը որպես բացասական երևույթ ընկալել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ, պատգամավորը կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը ևս հագեցած օրակարգ է ունենալու: Նա չբացառեց, որ գալիք նստաշրջանի ընթացքում էլ շատ արտահերթ նիստեր կհրավիրվեն, որոնց ընթացքում շատ օրենսդրական նախաձեռնություններ կընդունվեն:
Անդրադառնալով Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի վերաբերյալ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի զեկույցին՝ Գագիկ Մելիքյանը դրական համարեց այն հանգամանքը, որ ավելացել է խորհրդարանական լսումների թիվը, ինչը խոսում է այն մասին, որ հանրության ձայնը սկսել է ավելի լսելի դառնալ: Պատգամավորը կարևորում է նաև այն, որ մեծացել է ԱԺ մշտական հանձնաժողովների ծանրաբեռնվածության աստիճանը, ինչն էականորեն նպաստում է խորհրդարանի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: